Հայաստան տեղափոխվող ռուսաստանցիները

Գործարարները և մասնավոր անձինք հույս ունեն խուսափել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով առաջացած հետևանքներից։

Հայաստան տեղափոխվող ռուսաստանցիները

Գործարարները և մասնավոր անձինք հույս ունեն խուսափել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման պատճառով առաջացած հետևանքներից։

Friday, 11 March, 2022

Հայ պաշտոնյաները հայտնում են, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի քաղաքացիների շրջանում աճող հետաքրքրվածություն կա Հայաստան տեղափոխվելու՝ ելնելով այն մտավախությունից, որ Արևմուտքի պատժամիջոցները շուտով կազդեն իրենց աշխատանքի և ճամփորդելու հնարավորությունների վրա։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ «շատ [ռուսական] ընկերություններ դիմել են, և տասնյակին մոտ ընկերություններ արդեն տեղափոխել են իրենց բիզնեսը Հայաստան» փետրվարի 24-ի ներխուժումից հետո։

Քերոբյանը պարզաբանել է, որ այդ բիզնեսների մեծ մասը ՏՏ ոլորտից են։

«Սրանք այն ընկերություններն են, որոնք անմիջականորեն կապված են Արևմտյան շուկաների հետ և ներկայիս սահմանափակումների պատճառով ի վիճակի չեն աշխատել սեփական երկրից» - ասել է նա, հավելելով, որ իր վարչությունը ստեղծել է աշխատանքային խումբ նրանց տեղափոխմանն աջակցելու համար։

Staff.am-ը` Հայաստանի զբաղվածության խոշորագույն հարթակը հայտնել է, որ վերջին օրերին մոտ 300 անձանցից և ավելի քան 20 ըկերություններից տեղափոխության վերաբերյալ հարցումներ է ստացել։ Դիմորդների մեծ մասը Ռուսաստանից են ու նույնպես աշխատում են ՏՏ ոլորտում։

«Ես ամբողջովին գիտակցում եմ՝ ինչ տնտեսական հետևանքների է առերեսվելու իմ երկիրը»

ՏՏ ծրագրավորող Իվան Գրեբենշիկովը մեկն է նրանցից, ովքեր արդեն լքել են Ռուսաստանը՝ Հայաստան տեղափոխվելու համար։

«Արդեն [շուրջ] մեկ տարի է, ինչ Ռուսաստանը սկսեց տեղակայել իր զորքերը [Ուկրաինայի] սահմանի երկայնքով»,- ասում է նա։ «Մենք դեկտեմբերից հետևում էինք բոլոր զարգացումներին և ակտիվորեն քննարկում այլ երկիր տեղափոխվելու հարցը փետրվարի կեսերից սկսած»։

Վախենալով, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են ներառել քաղաքացիների տեղաշարժի արգելքներ, Գրեբենշիկովը կնոջ հետ մարտի 1-ին մեկնեցին Հայաստան։

«Իրավիճակն արագ փոխվում էր, դեպի շատ երկրներ թռիչքներն արդեն արգելվել էին»,- շարունակում է նա։ «Ընդամենը մի քանի երկիր էր մնացել, ուր կարող էինք թռչել։ Եվ եթե այդ երկրներ մուտքը նույնպես արգելափակվեր, դա աղետ կլիներ, մենք կհայտնվեինք թակարդում»։

Գրեբենշիկովն ասում է, որ դեմ է պատերազմին, մեկնաբանելով . «Դա բոլորովին սխալ է և չարժե այն բոլոր կյանքերը, որոնք կորսվում են»։

Գրեբենշիկովն նշում է, որ, երկուսն էլ՝  ինքն ու կինը շարունակում են աշխատել հեռավար, և Հայաստանում լինելը մինչ այժմ հաճելի փորձառություն է։

«Հայաստանում ապրելը թանկ չէ, գները գրեթե նույնն են, ինչ Ռուսաստանում»,- շարունակեց նա։ «Գրեթե բոլորը խոսում են ռուսերեն, մարդիկ շատ բարյացակամ են։ Հայերը պատրաստ են օգնել նույնիսկ առանց դրա մասին խնդրելու։ Բացի այդ, մենք այստեղ լավ ընկերներ ունենք»։

Յուլյան (անունը փոփոխված է), նույնպես տեղափոխվել է Հայաստան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո։ Նա խնդրեց մնալ անանուն, քանի որ իր տարեց ծնողները մնացել են Ռուսաստանում։

«Իմ երկիրը պատերազմ սկսեց, այդ է պատճառը, որ լքեցի Ռուսաստանը»,- ասումէ նա։ «Կարծում եմ՝ դա սխալ քայլ էր…Ես ամբողջովին գիտակցում եմ այն բոլոր տնտեսական հետևանքները, որ կրելու է իմ երկիրը հետագա տասը տարիների ընթացքում»։

Նա շարունակում է Երևանից հեռավար աշխատել և մոտ ապագայում վերադառնալու մտադրություն չունի։

«Ծնողներս թոշակառու են, և ես կարծում եմ՝ նրանց մասին հոգ տանելու լավագույն միջոցն այլ երկրներում գումար վաստակելն է։ Սա էր տեղափոխվելուս հիմնական պատճառը», - ամփոփում է նա։

Հայաստանը հարմար և մատչելի տարբերակ է համարվում տեղափոխման համար՝ հաշվի առնելով ռուսերենի լայն կիրառությունը և երկու երկրների միջև եղած սերտ կապերը։

Հայաստանի պետական ​​կառույցները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները փորձում են վստահեցնել ռուսաստանցի պոտենցիալ եկվորներին, որ բանկային համակարգի, կենցաղային ծախսերի, բժշկական օգնության և նրանց երեխաների համար ռուսալեզու դպրոցների հետ կապված խնդիրներ չեն լինի:

Նաև բազմաթիվ խմբեր են ստեղծվել Ֆեսյբուքում և Տելեգրամում՝ աջակցելու նրանց, ովքեր հետաքրքրված են Հայաստան տեղափոխվել։

«Վերջին օրերին մեր ընկերության շատ ռուս գործընկերներ խոսում են Հայաստան տեղափոխվելու մասին»,- ասում է Աննա Բեկլյարովան՝ հայկական ՏՏ IT City ընկերությունից։ «Նրանց ընտրությունը պայմանավորված է մի քանի պատճառներով՝  ՏՏ ոլորտը լավ զարգացած է, բանկային և հարկային քաղաքականություններն ընդունելի են, հնարավոր է աշխատել հեռավար և, վերջապես, Հայաստանը գեղեցիկ բնությամբ և մարդկանցով երկիր է»։

Նա ասում է, որ իրենց գործընկեր ընկերություններից մեկն արդեն տեղափոխվել է Հայաստան՝ աշխատակիցների և նրանց ընտանիքների հետ միասին, ովքեր ներկա պահին մնում են Երևանի հյուրանոցներից մեկում, մինչ կգտնեն համապատասխան կացարան և գրասենյակային տարածք:

IT City-ի նման ընկերությունները ողջունում են Ռուսաստանից ՏՏ ընկերությունների և արհեստավարժ աշխատուժի ներհոսքը՝ հուսալով, որ դա դրական ազդեցություն կունենա ոլորտի զարգացման վրա և կբարելավի տնտեսական ցուցանիշները:

Սակայն այլոք զգուշացնում են, որ շարունակական հակամարտությունը  ծայրաստիճան վնասաբեր կլինի Հայաստանի տնտեսության համար։

«Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացասական հետևանքները Հայաստանի համար ավելի շոշափելի կլինեն, քան հնարավոր օգուտները»,- ասում է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը։ Նա նշում է, որ ներդրումների մեծ մասը անմիջապես ռուսական կապիտալից է գալիս, և որ հակամարտությունը կարող է ազդել նաև օտարերկրյա ներդրումների վրա։

«Ռուսական տնտեսության հետ կապված խնդիրները հստակ նոկաուտի էֆեկտ ունեցան Հայաստանի համար»,- շարունակում է նա։

«Դա կազդի Ռուսաստանում աշխատող մեր համաքաղաքացիների կողմից դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալի վրա։ Գումարը զգալիորեն կնվազի՝ խոսքը 800-900 մլն ԱՄՆ դոլարի մասին է։ Սա կբերի Հայաստանի բնակչության գնողունակության նվազմանը։ Դա կազդի նաև Հայաստանից Ռուսաստան արտահանումների վրա, իսկ Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն է։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման առաջատար շուկան է, իսկ ռուբլու արժեզրկմամբ հայկական ապրանքները Ռուսաստանում կթանկանան, իսկ Ռուսաստանից ներկրվող ապրանքները Հայաստանում կէժանանան։ Երկու դեպքում էլ հայկական արտադրանքը կդառնա պակաս մրցունակ»։

Քթոյանն ասում է, որ դա ավելի շատ կախված կլինի հակամարտության տևողությունից, ինչպես նաև դրա վերջնական հանգուցալուծումից։

«Հիմա բոլորը սպասողական վիճակում են։ Եթե Ռուսաստանը ներգրավվի երկարաժամկետ ռազմական հակամարտության մեջ, սա արդեն բոլորովին այլ իրականություն կենթադրի»,- ասում է նա։ «Եթե լուծումները գտնվեն առաջիկա օրերին, պատժամիջոցների ցանկը կարող է չընդարձակվել կամ կարող է ոչ այնքան ցավոտ լինել, որքան երկարատև հակամարտության դեպքում»։

Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.

Armenia
Frontline Updates
Support local journalists