Ուկրաինայի համար արդարադատության հույս կա՞

Փորձագետները նախազգուշացնում են, որ քաղաքական մանիպուլյացիաները և ֆինանսավորման բացակայությունը կարող են խոչընդոտել հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հնարավորություններին:

Ուկրաինայի համար արդարադատության հույս կա՞

Փորձագետները նախազգուշացնում են, որ քաղաքական մանիպուլյացիաները և ֆինանսավորման բացակայությունը կարող են խոչընդոտել հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հնարավորություններին:

A Ukrainian police officer stands in front of a bombed out residential block hit by an early morning missile strike on February 25, 2022 in Kyiv, Ukraine.
A Ukrainian police officer stands in front of a bombed out residential block hit by an early morning missile strike on February 25, 2022 in Kyiv, Ukraine. © Chris McGrath/Getty Images
Friday, 11 March, 2022

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման գործը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ներկայացնելը հույսեր է արթնացրել, որ հակամարտության մեղավորները կարող են պատասխանատվության ենթարկվել։

Ուկրաինայում ռուսական ագրեսիայի վերաբերյալ նախնական քննությունը ՄՔԴ-ում ընթանում է 2014 թվականի հակամարտությունից ի վեր․ 2020 թվականին նախկին դատախազ Ֆատու Բենսուդան հայտարարեց, որ գործը պահանջում է լիարժեք հետաքննություն:

Այժմ, պետության կողմից երբևէ ամենախոշոր՝ 40 երկրի միջնորդությամբ զանգվածային դիմումը դատարան ուշադրության կենտրոնում է պահում միջազգային արդարադատությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դրա կարողությունը:

«Աշխարհում չկա որևէ այլ մեխանիզմ, որը կարող է նույնիսկ տեսականորեն պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Պուտինին կամ նրա շրջապատին։ Մենք չունենք միջազգային ոստիկանություն: Մեnq միայն ՄՔԴ ունենք»,- ասում է Կիևի Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Օլեքսանդրա Մատվիյչուկը:

20 տարի առաջ ավելի քան 100 երկիր միավորվել են՝ ստեղծելու ՄՔԴ-ը՝ աշխարհի առաջին մշտական միջազգային մարմինը, որի իրավասության ներքո են ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանությունը, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները:

Հույս կար, որ ՄՔԴ-ի մշտականությունը կարող է ստիպել ագրեսորներին ռազմական գործողությունները սկսելուց  առաջ «տասը չափել» կամ արագ պատասխանատվության ենթարկել նրանց, ում չի հաջողվել համոզել:

Դատարան ներկայացված առաջին դիմումները Լիբիայում մարդկության դեմ հանցագործությունների և Դարֆուրի ենթադրյալ ցեղասպանության հետաքննության վերաբերյալ էին: Սակայն հենց այն երկրները, որոնք դիմել էին դատարան, չկարողացան աջակցել հետաքննությանը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Դարֆուրի նման գործերը տեղափոխում է ՄՔԴ, սակայն անդամ երկրները հավելյալ ռեսուրսներ չեն տրամադրում դատարանին, չեն աջակցում հաշվետվողականության սկզբունքին, կամ իրավասում այլ երկրների՝ հետևել դատարանների որոշումներին: Դատարանը մնացել է օդում կախված», - ասում է Իրավաբանների միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարկ Էլիսը:

«Չնայած [Սուդանի նախկին] նախագահ Օմար Ալ Բաշիրին մեղադրանք է առաջադրվել 2009 թվականին, նա ազատ ճանապարհորդում է և դեռ Հաագայում չէ։ Եթե միջազգային հանրությունը չցանկանա էականորեն աջակցել դատարանին հարկադիր կատարման, արտահանձնման, քաղաքական կամքի և համապատասխան ռեսուրսների միջոցով, մենք կրկին ու կրկին հիասթափության կբախվենք»:

Մատվիյչուկն ասում է, որ իրական, շոշափելի աջակցություն ստանալու ծայրահեղ անհրաժեշտություն կա:

«Այն երկրները, որոնք հետաքննություն են հարուցել ՄՔԴ-ում, այժմ պետք է ակտիվանան և անհրաժեշտ աջակցություն տրամադրեն», - շարունակում է նա: «ՄՔԴ-ին բավականաչափ բյուջե է անհրաժեշտ՝ հատուկ գրասենյակ ձևավորելու և Ուկրաինայի հարցով մասնագիտացված աշխատակազմ նշանակելու համար: Պատշաճ ֆինանսավորումն ու աջակցությունը ուկրաինացիներին կապացուցեն, թե արդյոք միջազգային արդարադատությունը կարո՞ղ է իրական գործիք լինել Ռուսաստանի կողմից մարդու իրավունքների խախտումները կասեցնելու համար»։

Այնուամենայնիվ, դատարանին աջակցության երաշխավորված ապացույցներ չկան։ Որոշ անդամ երկրներ, դատարանի աշխատանքի դանդաղ ընթացքից և հաջողած գործերի բացակայությունից հիասթափվելով, փորձել են նվազեցնել ֆինանսական ներդրումները:

ՄՔԴ-ն հեղինակազրկվել է՝ ոչ կոմպետենտության, դանդաղ ու անհաղորդ աշխատաոճի պատճառով: 2020թ․-ին անկախ աուդիտը պարզեց, որ անձնակազմը դժգոհ է բյուրոկրատական ընթացակարգերից, բացահայտեց նաև, որ հաստատությունում անվստահության և վախի մթնոլորտ կա: Նորանշանակ դատախազ Քարիմ Խանը պաշտոնավարումը սկսեց փոփոխության խոստումով:

Իրավագետները մտավախություն ունեն, որ դատարանից անիրատեսորեն մեծ ակնկալիքները արդարադատության իրականացումը անիրագործելի են դարձնում:

«Քանի որ աշխարհը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ և նրա գործելակերպի վրա ներազդելու ուղիներ է փնտրում, այն պետք է հաշվի առնի դատարանի հանդեպ նախկինում եղած քննադատությունը, որպեսզի բացառվի հավանականությունը, որ ՄՔԴ-ն որոշ պետությունների կողմից որպես գործիք օգտագործվում է մյուսների նկատմամբ», - ասում է միջազգային հանցագործությունների զոհերին ներկայացնող բրիտանացի իրավաբան Հայդի Դեյքսթալը, - «Դատարանի համբավը պետք է մնա որպես արդար դատարան»։

2014 թվականին Չինաստանը և Ռուսաստանը դեմ արտահայտվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի հարցը ՄՔԴ փոխանցելուն։ Այնուհետև 2020 թվականին ՄՔԴ դատախազը դադարեցրեց 2014 թվականից շարունակվող նախնական քննությունը բրիտանական զորքերի կողմից Իրաքում գործած ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ, քանի որ Միացյալ Թագավորությունը հավաստիացրեց, որ կարող է այդ հանցագործությունները քննել երկրի ներսում:

Ուկրաինայի իրավական խորհրդատվական խմբի (ULAG) տնօրեն Նադյա Վոլկովան ասում է, որ ակնհայտ է երկակի ստանդարտների առկայությունը։

«Քաղաքական մանիպուլյացիաները վնասաբեր են»,- ասում է նա։ «Եթե զինված հակամարտություն է տեղի ունենում, արդարադատությունը չի կարող կողմնապաշտ լինել։ Մեծ պետությունները չպետք է ընթացք թելադրեն, ճնշում գործադրեն այնտեղ, որտեղ ցանկանում են։ Այդպես լինել չի կարող»:

Վոլկովան նշում է, որ արտոնյալ վերաբերմունքը չի ծառայում արդարադատության ավելի լայն շահերին։ Նա մատնանշում է Նիգերիան, որտեղ 2010 թվականին ՄՔԴ-ն սկսեց ուսումնասիրել անվտանգության ուժերի և «Բոկո Հարամ»-ի կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունները: Մեկ տասնամյակ անց դատախազը եզրակացրեց, որ հիմքեր կան հետաքննություն սկսելու համար, բայց դա դեռ տեղի չի ունեցել։

«Ուկրաինան և Նիգերիան նույն հարթության մեջ են», - շարունակում է Վոլկովան: «Ռուսաստանը պետք է ներխուժեր, որպեսզի Ուկրաինան դառնար առաջնահերթություն և հետաքննություն սկսվեր: Սա ճիշտ չէ: Մենք պետք է սա օգտագործենք որպես հնարավորություն՝ իրավիճակը շտկելու, միջազգային արդարադատության նկատմամբ մեր մոտեցումը փոխելու համար»։

ԱՆՇՏԱՊ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՄՔԴ-ն Վրաստանում մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների ապացույցների ուսումնասիրությունը սկսել է 2008 թվականին, իսկ հետաքննությունը սկսվել է 2016 թվականին։

«2022 թվականն է, և միայն այսօր է տրվել Հարավային Օսիայի երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրաման: Թեև սա դրական զարգացում է, գործընթացը շատ երկար տևեց, և զոհերը սկսեցին կորցնել հույսը, որ արդարադատությունը երբևէ կվերականգնվի», - ասում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Իլյա Նուզովը:

Հայտարարելով ձերբակալությունների մասին՝ Խանը նշել է Հարավային Օսիայում տեղի ունեցած և Ուկրաինայում այսօր տեղի ունեցող իրադարձությունների նմանությունները։

«Ցանկանում եմ կոչս ուղղել նման հակամարտությունների բոլոր կողմերին․ միջազգային մարդասիրական իրավունքին հավատարիմ մնալը կամընտիր չէ»,- ասել է նա։ «Նրանք, ովքեր զենք են կրում, նրանք, ովքեր մասնակցում են զինված հակամարտություններին, կրում են պատասխանատվության ծանր բեռ և պետք է ապացուցեն իրենց գործելակերպի համապատասխանությունը միջազգային իրավունքին»:

Մատվիյչուկն ասում է, որ քաղաքացիական իրավապաշտպանների ցանցը տարիներ շարունակ ապացույցներ է հավաքել ռուսական ագրեսիայի վերաբերյալ:

«Մենք հայտնաբերել ենք մարդկանց, ովքեր նմանատիպ վայրագություններ են գործել Դոնբասում, Ղրիմում, Չեչնիայում, Մերձդնեստրում, Մոլդովայում, Աբխազիայում, Վրաստանում։ Համոզված եմ, որ եթե մենք միավորեինք մեր ջանքերը Սիրիայի քաղիրավապաշտպանների հետ, մենք նույն մարդկանց կբացահայտեինք։ Ռուսաստանը չի պատժվել այս հանցագործությունների համար։ Անպատժելիության շրջանակը չի ավարտվում»,- ասում է Մատվիյչուկը։

Նա պնդում է, որ եթե ապացույցների վրա հիմնված միջազգային քրեական հետաքննությունները հնարավոր լինեին Խորհրդային Միության փլուզումից հետո, այժմ ամեն ինչ շատ այլ կերպ կդասավորվեր տարածաշրջանում:

«Ստալինը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել, բայց քանի որ պատասխանատվության չի ենթարկվել, Ռուսաստանում մինչ օրս ընկալում կա, թե նա լավ մարդ է եղել։ Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ ոչ միայն քաղաքական աջակցություն և պատժամիջոցներ, այլև քրեական հետապնդումներ։ Օրենքը, ո՛չ թե քաղաքականությունը, կարող է հակազդել քարոզչությանը»,- ամփոփում է Մատվիյչուկը:

Արդարադատության փորձագետները պնդում են, որ ՄՔԴ-ն նախատեսված չի եղել որպես առանձին մարմին գործելու․ դատարանի իրավական շրջանակը նախագծված էր ազգային օրենսդրություններում ինտեգրելու նպատակով:

«ՄՔԴ-ն համադարման չէ», - ասում է Նուզովը: «ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հետաքննող հանձնաժողով է ստեղծում Ուկրաինայում, որը թույլ կտա ՄԱԿ-ի ներկայացուցիչներին գնալ և հնարավորության սահմաններում հավաքել, պահպանել, ստուգել, ​​հաստատել և դասակարգել ապացույցները, գրել զեկույցներ և, հնարավոր է, համագործակցել ՄՔԴ-ի և ազգային դատական մարմինների հետ և  ապացույցները փոխանցել դատախազություն»։

Էլիսը ցանկանում էր, որ արդարադատության բոլոր ուղիները բաց մնան, ներառյալ համընդհանուր իրավասությունը՝ սկզբունք, ըստ որի մի երկրում վայրագություններին մասնակցածները կարող են ձերբակալվել և դատվել այլուր:

«Վերջին տասնամյակի ընթացքում շատ երկրներում համընդհանուր իրավասությունը թուլացել է, և դրա վրա սահմանափակումներ են դրվել: Սա միջազգային հանրության համար հայեցակարգը վերանայելու առանցքային հնարավորություն է, քանի որ այն, ՄՔԴ-ի հետ մեկտեղ, միջազգային արդարադատության կարևոր մաս է», - ասում է Էլիսը:

Նուզովը լավատեսորեն է տրամադրված ուկրաինական դատարաններում գործընթացների վերաբերյալ․ ըստ նրա, այստեղ քննվել են Ղրիմում և Դոնբասում 2014 թվականից տեղի ունեցած որոշ իրավախախտումների վերաբերյալ գործեր:

«Այժմ կարևոր է, որ Ուկրաինան վերանայի իր ներպետական ​​իրավական դաշտը, որպեսզի հնարավոր լինի հետաքննել բոլոր հանցագործությունները ՄՔԴ իրավասությունների ներքո, և որպեսզի իրավաբաններն ու դատավորները բավականաչափ պատրաստված լինեն այդ գործընթացների համար», - ասում է նա: «Եթե մենք օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները արդարադատության հասնելու համար, արդարադատությունն ավելի լավ կգործի»:

Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.

Frontline Updates
Support local journalists