Արդյոք Ուկրաինան փոխու՞ մ է դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում
Չնայած տարածքային ամբողջականության երկարաժամկետ աջակցությանը՝ Կիևից հնչող ուղերձներն այժմ ավելի երկիմաստ են թվում
Արդյոք Ուկրաինան փոխու՞ մ է դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում
Չնայած տարածքային ամբողջականության երկարաժամկետ աջակցությանը՝ Կիևից հնչող ուղերձներն այժմ ավելի երկիմաստ են թվում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը Ուկրաինային դժվար կացության մեջ է դրել․ Ադրբեջանի ավանդական դաշնակիցը փորձում է հավասարակշռել իր դիվանագիտական քայլերը։
Բացի այն, որ Ուկրաինայում բնակվում են հայկական և ադրբեջանական մեծ համայնքներ, Կիևը հետխորհրդային տարածքում առկա բոլոր հակամարտություններն առնչակցում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Ռուսաստանի հավակնությունների հետ․ Լեռնային Ղարաբաղը հիշեցում է արեւելքում Ռուսաստանի հետ Ուկրաինայի սեփական պատերազմի մասին:
Ուկրաինան աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը 1994 թ. առաջին հրադադարից ի վեր։ Ղրիմի բռնակցումից և Դոնբասում պատերազմից հետո այս դիրքորոշումը դարձել է ավելի ուժեղ և հետևողական։
Սեփական իրավիճակից ելնելով՝ Ուկրաինան հրաժարվում է ճանաչել ինքնահռչակ որևէ պետություն: Սա ներառում է նույնիսկ Կոսովոն, որը ճանաչվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մեծ մասի կողմից: Կիևի դիրքորոշումը պայմանավորված է մտավախություններով, որ նման քայլը կարող է թուլացնել իր դիրքերը Ղրիմի հարցում:
Նմանապես, ցանկացած միջազգային հակամարտության հարցում Ուկրաինան պահպանում է պետական սահմանների անձեռնմխելիության սկզբունքը:
«Կենտրոնանալով տարածքային ամբողջականության խնդրի վրա՝ Ուկրաինան ընթացիկ հակամարտությունում ինքնաբերորեն զբաղեցնում է Ադրբեջանի կողմը: Սակայն, միևնույն ժամանակ, դրական է Ուկրաինայի պնդումն այն մասին, որ հակամարտությունը պետք է խաղաղ կարգավորում ունենա», - Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հետ զրույցում ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Այս մոտեցմանն աջակցում են ուկրաինացի քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասը:
Ավելին, Ուկրաինան վերջերս փոփոխություններ մտցրեց իր ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ Ադրբեջանին ռազմավարական գործընկեր հայտարարելով: Սա նշանակում է, որ Բաքուն բարձրացվել է հարաբերությունների նույն մակարդակի վրա, որն Ուկրաինան ունի իր ամենամոտ գործընկերների՝ Լեհաստանի, Լիտվայի և Վրաստանի հետ:
Ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ունի նաև Թուրքիան, որն այժմ ակտիվորեն մասնակցում է հակամարտությանն Ադրբեջանի կողմից։
Իր հերթին Հայաստանը, որ Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, ավանդաբար աջակցում է Ռուսաստանին՝ Ղրիմին և Դոնբասին վերաբերող բոլոր հարցերում: Բաքուն հետեւողականորեն կողմ է քվեարկել Ուկրաինային:
Հաշվի առնելով այս բոլոր գործոնները, տրամաբանական է թվում, որ Կիևը բացահայտորեն կաջակցեր Ադրբեջանին՝ տարածքների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու նկրտումներում:
Այնուամենայնիվ, Կիևի պատասխանը, առնվազն սկզբում, շատ ավելի երկիմաստ էր:
Ընթացիկ մարտերը սկսելու վերաբերյալ Արտաքին գործերի նախարարության առաջին հայտարարությունը կտրականորեն տարբերվում էր ավելի վաղ արված հայտարարություններից:
Հայտարարությունը հրապարակվել էր նախարարության ֆեյսբուքյան էջում՝ կանխելով պաշտոնական կայքի հրապարակումը։ Բացի այդ, հայտարարության մեջ առաջին անգամ չէր ընդգծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ անվերապահ աջակցությունը:
«Մինչ վերջերս Ուկրաինայի դիրքորոշումն ակնհայտորեն ադրբեջանամետ էր», - ասել է ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանը: «Հիմա այն աստիճանաբար ավելի հավասարակշռված է դառնում»:
Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Հարավային Կովկասում հակամարտությունը դարձել է ոչ թե արտաքին, այլ ներքին քաղաքականության խնդիր՝ շնորհիվ Ուկրաինայում Հայաստանի ընդարձակ ու ազդեցիկ սփյուռքի բարձրաստիճան ներկայացուցիչ ՆԳ նախարար Արսեն Ավակովի ազդեցության:
Ավակովը վերջին վեց տարիներին զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Անցյալ ամառ բողոքի ցույցեր էին տեղի ունենում` նրա հրաժարականի պահանջով, իր անհամաչափ ազդեցության և երկարամյա պաշտոնավարման ընթացքում իրավապահ մարմիններում առկա խնդիրների լուծմանը չհամապատասխանելու համար:
Նա նաև ավելի մարտատենչ մոտեցում է ցուցաբերել Ադրբեջանի հանդեպ։ Տարեսկզբին նրա նախարարությունը ԵՄ կողմից Բաքվում կազմակերպված ոստիկանական համաժողովին էթնիկ հայ պատվիրակների էր ուղարկել։ Զարմանալի չէ, որ հյուրընկալող երկիրը հրաժարվեց նրանց ընդունել, և Ավակովը բարկացած բողոք-նամակ ուղարկեց ԵՄ դեսպանություն՝ պահանջելով ի պատասխան պատժիչ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ:
Թեև Ավակովը նախարար է եղել 2014 թվականից ի վեր, նրա ազդեցությունը զգալիորեն աճել է Զելենսկու հաղթանակից հետո։ 2016թ․-ին Ղարաբաղյան խնդրի սրացման ընթացքում նա ձեռնպահ էր մնում նման բացահայտ հայտարարություններից:
«Արսեն Ավակովի ազդեցությունն էապես դուրս է իր ղեկավարած նախարարության շրջանակներից», - ասել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի գործադիր տնօրեն Իգոր Սեմիվոլոսը: «Նա ակնհայտորեն ադրբեջանամետ չէ և ամբողջ ուժով փորձում է օգտագործել իր կարգավիճակը` փոխելու ուկրաինական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում»:
2019-ի նախագահական ընտրությունները, որին հաջորդեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններն, է՛լ ավելի փոխեցին երկրի քաղաքական լանդշաֆտը:
Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը Ղարաբաղյան հակամարտությունը դիտում է որպես Դոնբասի արտացոլում և, համապատասխանաբար, կարծում է, որ Ուկրաինան պետք է լիովին սատարի Բաքվին կամ Ռուսաստանի նկատմամբ սեփական դիրքերը թուլացնելու ռիսկի դիմի:
Ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունն աջակցում է Հայաստանին՝ փաստարկելով, որ դրանով իսկ սատարում է քրիստոնեական պետությանը մուսուլմանական աշխարհի հետ առճակատման մեջ։
Ինչ վերաբերում է նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությանը, չկա որևէ հստակ, միասնական դիրքորոշում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն Ուկրաինայի աջակցության հստակ դիրքորոշումն արտահայտվել է միայն Ավակովի և «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Լյուդմիլա Մարչենկոյի միջև Ղարաբաղյան խնդրի շուրջ առցանց կարծիքների բուռն փոխանակման ընթացքում:
Արձագանքելով Մարչենկոյի հայտարարությանը՝ Ադրբեջանին ինչպես մարդասիրական, այնպես էլ ռազմական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին, Ավակովը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրեց. «Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի հայ-ադրբեջանական հակամարտության որևէ կողմի», հավելելով, որ «բժշկական օգնության կարիք, թերևս, ունեն որոշ երևակայող խորհրդարանականներ»:
Հակամարտության ֆոնին այս ամենը Կիևին բարդ իրավիճակի մեջ է դրել: Բաքվին աջակցելու հարցում երկմտելը կարող է հիասթափեցնել ռազմավարական գործընկերոջը, և Ադրբեջանը կարող է այլևս աջակցություն չցուցաբերել Ուկրաինային կարևորագույն հարցերում:
Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե Ուկրաինան փոխի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, դա Հայաստանին ավելի ուկրաինամետ չի դարձնի:
«Հայաստանը չափազանց կախված է Ռուսաստանի Դաշնությունից՝ մեր դաշնակիցը լինելու համար», - ասել է Սեմիվոլոսը: «Արդյունքում մենք կկորցնենք մեր դաշնակցին և դրա դիմաց ոչինչ չենք շահի»
This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.