Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը։
Մինչ Բրյուսելը շահագրգռված է ապահովել պաշտոնական աջակցություն և միջնորդություն, նրա դերը կարող է այդքանով սահմանափակվել։
Կարո՞ղ է արդյոք ԵՄ-ն աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը։
Մինչ Բրյուսելը շահագրգռված է ապահովել պաշտոնական աջակցություն և միջնորդություն, նրա դերը կարող է այդքանով սահմանափակվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բրյուսելյան հանդիպումը դեկտեմբերի 15-ին բերեց մի շարք պայմանավորվածությունների, ինչպիսիք են՝ երկաթգծի վերականգնումը, գերիների վերադարձը և ականապատ տարածքների քարտեզների հանձնումը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած վեհաժողովը նաև ընդգծեց Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ աջակցելու երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը։
Այնուամենայնիվ,Հարավային Կովկասի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմեց ՊԽԶԻ-ին այն մասին, որ չնայած Բրյուսելը հակված է աջակցել պետական սահմանագծման ու սահմանազատման պրոցեսին, սակայն «ի վերջո, դա կախված է Երևանի և Բաքվի քաղաքական կամքից»։
ՊԽԶԻ.- Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը եզակի հնարավորություն էր ԵՄ-ի համար՝ ստանձնելու միջնորդի կարևոր դերն այս տարածաշրջանում։ Ի՞նչ կարող է առաջարկել Բրյուսելն իր ջանքերով։
Կլաար. Սա առաջին այսպիսի հանդիպումն էր Բրյուսելում, իսկ նախագահ Շառլ Միշելն անձամբ երկու առաջնորդների հետ բավականին ներգրավված է եղել դեռ վաղ ամառվանից… երեք առաջնորդները չորս ու կես ժամ միասին են եղել։ Նախագահ Միշելը նաև հնարավոր դարձրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի երկկողմանի հանդիպումը, ինչն ինքնին ողջունելի էր։
Որո՞նք են շոշափելի արդյունքները։
Նախագահ Միշելի նախորդող շփումները երկու կողմերի հետ բերեցին պաշտպանության նախարարների միջև թեժ գծի ստեղծմանը, որը երկու կողմերն էլ օգտագործում են։ Մենք ունեցանք ռազմագերիների ու կալանավորների արձակում, և ականապատ տարածքների քարտեզների հանձնում։ Սա ակնհայտորեն շարունակական գործընթաց է։ Կապ եղավ ռուս պաշտոնյաների հետ՝ նախագահ Պուտինին երկու երկրների ղեկավարության հետ ներգրավելով, ինչպես նաև մեր ամերիկացի գործընկերների հետ՝ Ֆրանսիայի կողմից հաճախակի շփումների շնորհիվ կազմակերպված։
Ո՞րն է ԵՄ-ի հաջորդ նպատակը սահմանազատման հարցում։
Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես կարող ենք աջակցել սահմանազատման գործընթացին։ Մենք պատրաստակամ ենք միանալ … տեխնիկական հնարքների և խորհրդատվության միջոցով սահմանի երկու կողմերում լարվածությունը նվազեցնելու գործընթացին, և, իհարկե, միայն այն չափով, որքանով ներգրավված կողմերը կցանկանան, որ մենք միջամտենք: Դա նաև, ի վերջո, երկու կողմերից կախված կլինի՝ ասել, թե որտեղ են նրանք ցանկանում՝ ԵՄ-ն ակտիվ լինի, և նախագահ Միշելն առաջարկեց աջակցություն՝ խորհրդատվական խմբի տեսքով։
Արդյոք խորհրդատվական խումբն ա՞յն է, ինչի կարիքն ունի Բաքուն կամ Երևանը։
Վերջին հաշվով, այն ինչ պահանջվում է նման գործընթացում, դա նախնական պայմանների շուրջ համաձայնությունն է, որտեղից հարկավոր է սկսել աշխատել։ Ես այնքան էլ վստահ չեմ, որ մենք արդեն հասել ենք դրան։ Մենք մշտապես լսել ենք, որ ԵՄ-ի ավելի շատ ներգրավվածության ցանկություն կա։ ԵՄ-ն, իսկապես, շահագրգռված է աջակցել խաղաղ և բարգավաճող Հարավային Կովկասի ստեղծմանը։ Մենք, իրոք, բարյացակամորեն տրամադրված դերակատար ենք, այս էր մեր ուղերձը։ Կարծում եմ՝ դա նաև ընդունում են Բաքվում և Երևանում։
Կան տեղեկություններ երկուստեք՝ ԵՄ նախագահ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից նախագահ Պուտինին կատարված զանգերի մասին։ Դրանք համատե՞ղ ջանքեր էին։
Բազմաթիվ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նախագահներ Միշելի և Պուտինի միջև։ Մենք ցանկանում ենք հետևել երկու երկրների ղեկավարության ԵՄ-ին ներգրավելու ցանկությանը, և մենք ուզում ենք համոզված լինել, որ ԵՄ-ի մասնակցությունը կլինի որքան հնարավոր է նպատակային է և արդյունավետ։ Բավականին խելամիտ է կապի մեջ լինել մյուսների հետ, ովքեր նույնպես մեծ դեր ունեն գործընթացի մեջ։ Սակայն կարծում եմ չափազանցություն կլիներ ասել, թե ԵՄ-ի և Ռուսաստանի միջև կան որևէ տեսակի միավորված ջանքեր, պարտականությունների բաշխում կամ նման այլ բան։ Ի վերջո, մենք մեծ մասամբ շարժվում ենք նույն ուղղությամբ։ Չկան հակասություններ, սակայն չկան նաև ամենօրյա համաձայնեցված քայլեր։ Դա գուցե կլիներ չափազանցություն։
Կարո՞ղ է սա համարվել «Ռուսաստանի հետ երկխոսության» այն օրինակը, որն Արևմուտքի առաջնորդները մշտապես ձգտել են վարել։
Կարծում եմ՝ դա մեծապես կախված է նրանից, թե ինչպես է այն տեսնում Ռուսաստանը։ Մենք կարծում ենք, որ գոյություն ունի անվրեպ մի սցենար, որը թույլ կտա բոլորին շահել։ Մեր տեսանկյունից մենք սա արդեն կարող ենք տեսնել՝ անշուշտ տեղի է ունենում։ Մենք իրապես հետաքրքրված ենք աջակցելու մեր գործընկերներին՝ ձեռք բերել ավելի կայուն վիճակ։
Փոխադարձաբար գործածվում էին «կալանավորներ» և «ռազմագերիներ» տերմինները, սակայն նախագահ Ալիևն ասում է, թե կալանավայրում գտնվող մարդիկ «չեն կարող համարվել ռազմագերիներ»։ Դուք ինքնաթիռի մեջ էիք, երբ նրանք ազատ արձակվեցին։ Ինչպիսի՞ն է այս ամենի ԵՄ պաշտոնական մեկնաբանությունը։
Իմաստաբանության մեջ խորանալու փոխարեն … մենք բազմիցս ասել ենք, որ նրանք բոլորը պիտի ազատ արձակվեն։ Բրյուսելյան հանդիպումներից սկսած տեղի են ունեցել ադրբեջանցի և հայ գերիների լրացուցիչ փոխանցումներ, սա մի բան է, որը մենք ջերմորեն ողջունում ենք։
Երկուսն էլ՝ և նախագահ Ալիևը, և վարչապետ Փաշինյանը պնդում են. «Բավական է պատերազմել,մենք խաղաղություն ենք ուզում»։ Դուք երկուսի հետ էլ զրուցել եք, ո՞րն է նրանց խաղաղության մասին պատկերացումը։
Մենք այստեղ գործ ունենք բավականին դառն ու երկար պատմության հետ։ Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները կարող են նշել այն դրվագները, երբ իրենք համարում են, որ իրենց հետ դաժան են վարվել, որ իրենց ժողովուրդը սպանվել և դուրս է քշվել տներից։ Երբ մտածում ես՝ բնական է դառնում, որ երկու կողմերն էլ տարբեր տեսանկյուններից են մոտենում հարցին։ Բավականին ժամանակ կպահանջվի ընդհանուր փոխըմբռնման հասնելու համար։ Այնքան արյուն է թափվել երկար տարիներ շարունակ…Բայց կարծում եմ՝ կարևոր է ունենալ էջը շրջելու ցանկություն և շարժվել դրական ուղղությամբ։ Եթե երկու երկրների ղեկավարությունը հավատարիմ մնա իր հանձնառությանը, որ սա առաջընթացի միակ ճանապարհն է, այն հնարավոր կդառնա ձեռք բերել։ Կպահանջվի ժամանակ հասնելու այն կետին, որտեղ կասվի . «Այո, մենք տառապել ենք, բայց հասկանում ենք նաև, որ դուք էլ եք տառապել»։ Ղեկավարները շատ կարևոր դեր են կատարում իրենց ժողովրդին առաջնորդելու գործում։
Խաղաղության պայմանագիր չկա, կա միայն զինադադար։ Նախագահ Ալիևն ասաց El Pais-ին, որ հույս ունի՝ «Եվրոպական գործընկերները կհամոզեն Հայաստանին»։
Մենք վստահ ենք՝ անհրաժեշտ է համապարփակ պայմանագիր, որը ուղղված կլինի լուծելու բոլոր ծառացած խնդիրները, և հենց այստեղ է, որ մենք ցանկանում ենք աջակցել երկու կողմերին։ Եվ նաև կա Մինսկի խումբը և նրա համանախագահները, ուստի կան տարբեր ճանապարհներ, կան տարբեր հնարավորություններ։
Կարո՞ղ է ԵՄ-ը դա իրագործել։ Արդյոք ունի՞ Բրյուսելն այդչափ ազդեցություն, կամք կամ էլ նույնիսկ շահագրգռվածություն՝ այն հանձնառելու։
Թույլ տվեք ինձ շրջանցել հարցը։ Ի վերջո, ցանկացած պայմանագիր ստորագրվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Այսպիսով՝ մենք՝ որպես Եվրոպական Միություն, կարող ենք աջակցել կողմերին։ Այնուամենայնիվ, իրենցից է կախված առաջ շարժվելու ցանկությունը, զիջումներ կատարելը. անկախ նրանից, թե ինչ ելքով է ավարտվել 44-օրյա պատերազմը, ցանկացած բազմակողմանի կարգավորում պետք է հանգեցնի փոխզիջումների։ Տևական խաղաղության հասնելու համար, հարկավոր է պարզ և արդար կարգավորում։ Ի վերջո, ամենինչ կախված է Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։
Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի իրավական կարգավիճակին, նախագահ Ալիևը փոխադարձ քայլեր պահանջեց։ Հանդիպումից հետո նախագահ Միշելի նման հայտարարությունը Հայաստանում և Ադրբեջանում շատերը մեկնաբանեցին որպես համաձայնություն այդ կարծիքի հետ։ Արդյո՞ք դա այդպես է։
Կարծում եմ՝ հայտարարության մեջ խոսքն ավելի շուտ վերաբերում էր երկաթգծին։ Փոխադրումը քննարկվեց ամենայն մանրամասնությամբ, և կարծում եմ՝ միանգամայն բնական է ունենալ երկկողմ մոտեցում։ Ինչ վերաբերում է իրավական կարգավիճակին, ԵՄ-ն ավելի շատ կենտրոնանում է ֆիզիկական կապը հնարավոր դարձնելու վրա, քան պիտակավորելու։ Մենք լսել ենք, որ երկու երկրներում էլ կան ներդրումներ կատարելու ծրագրեր՝ վստահ լինելու համար, որ այս երկաթուղին կկառուցվի մոտ ապագայում։ Կարծում եմ՝ սա շատ լավ զարգացում է։
Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.