Ուկրաինայի զինված ուժերի 260 հազար զինծառայողներից ավելի քան 32500-ը կին է։
Բանակի գլխավոր հրամանատարի գենդերային հարցերով խորհրդական Վիկտորիա Արնաուտովայի խոսքով՝ վերջին վեց տարիների ընթացքում զինված ուժերում կանանց թիվը կրկնապակտվել է։
Հիմնական պատճառներ են եղել երկրի արևելքում շարունակվող հակամարտությունը և օրենսդրական զգալի փոփոխությունները, որոնք կանանց թույլ են տվել ավելի ակտիվ դեր հանձնառել բանակում:
2014 թվականի հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 30 կին ստացել է պետական հանձնարարականներ։
43-ամյա Միրոսլավա Ռուդյուկը Ռիվնեի շրջանի Սառնիի տարածքային պաշտպանության գումարտակի կրտսեր լեյտենանտ է։
«Մինչ զինված ուժերին միանալը ես աշխատել եմ Ռիվնեի մարզի բնապահպանական պետական տեսչությունում։ Երբ սկսվեց 2014-ի պատերազմը, ես տեղական թերթում կարդացի, որ զինված ուժերում կանայք են հավաքագրվում:
Ես ամուսնալուծված եմ, ինքս եմ մեծացնում դստերս և իսկապես ուզում էի նրան ամեն ինչ տալ։ Բնապահպանական ոլորտում աշխատելով` շատ ցածր աշխատավարձ էի ստանում այն ժամանակ։ Ուզում էի հնարավոր ամեն բան անել դստերս երջանկության համար։ Դրա համար էլ սեփական կյանքիս համար բոլորովին չէի վախենում։
2016թ․ հունիսին պայմանագիր կնքեցի զինված ուժերի հետ, ներածական դասընթաց անցա, երդում տվեցի և զինվորի կոչում ստացա։ Սկսեցի ծառայել Սառնիի զինկոմիսարիատում և ցանկանում էի սպա դառնալ։ Այդ նպատակով դասընթացներ անցա Դեսնայում՝ զորամասում, որը մասնագիտացած է Ուկրաինայի ցամաքային տարբեր զորատեսակների համար վարժանքներում:
Հիշում եմ, առաջադրանքներից մեկը մագլցումն էր։ Հրահանգիչն ինձ հարցրեց. «Ռուդյուկ, չե՞ս վախենում: Զինկոմիսարիատում գործդ սեղանի առաջ նստելն էր»։
Ես պատասխանեցի, որ վախենալու ոչինչ չունեմ, որովհետև ուզում եմ սպա դառնալ, հետևաբար պետք է գնամ նույն ճանապարհով, ինչ տղամարդիկ, որպեսզի որևէ մեկն ինձ մատով ինձ ցույց չտա և ասի, որ կին եմ, ուրեմն՝ ոչինչ անել չեմ կարող։ Իսկ եթե կրում եմ կրտսեր լեյտենանտի համազգեստ և կրծքանշան, պետք է տղամարդկանց հետ նույն հարթության վրա լինեմ։
Նա լսեց, ու ասաց․«Ահա մեր իրական առաջնորդը։ Շարունակի՛ր»։ Ես մագլցեցի և հաջողեցի առաջադրանքը։
Մի անգամ հատկապես դժվար էր։ Մեկնում էի հակաահաբեկչական գործողության գոտի, իսկ երեխաս սովորում էր 11-րդ դասարանում։ Ես շատ էի անհանգստանում, որ կսպանվեմ, ու չեմ կարողանա կատարել նրա համալսարանի ծախսերը վճարելու, և նրա կյանքին լավ մեկնարկ տալու խոստումս:
Երբ ամուսնուցս բաժանվեցի, աղջիկս լալիս էր ու հարցնում՝ ո՞նց ենք ապրելու։ Ես պատասխանում էի՝ «Ես քո մաման ու պապան եմ, ու հնարավոր ամեն ինչ կանեմ քեզ համար։ Ես գնում եմ զինված ուժեր, դու կունենաս բարձրագույն կրթություն ու ամեն բան, որ այլ երեխաներն ունեն»։
2021թ․-ի դեկտեմբերին ինձ շնորհվեց կրտսեր լեյտենանտի կոչում, հունվարի 15-ին միացա Սառնի քաղաքի տարածքային պաշտպանության գումարտակին։
Հիմա ես հավաքագրման շտաբի պետի տեղակալ եմ։ Շուրջս այստեղ տղամարդիկ են, ում վստահում եմ, չեմ վախենում ծառայությունից, երբ նրանց պես մարդիկ են կողքիս։ Նրանց կանանցից ոմանք խանդում են ինձ, բայց այդ մարդիկ ինձ համար պարզապես ընկերներ են։ Հիմա պատերազմ է, շատ կանայք լալիս են, իսկ ես դիմանում եմ: Ինչո՞ւ։ Քանի որ զգում եմ, որ թիմ ունեմ կողքիս։
Հիմա մարդկանց հսկայական բազմություններ են պատրաստվում պաշտպանել երկիրը, ամբողջ ընտանիքներ։ Ընտանիքներ կան, որտեղ հայրն առաջնագծում է, մայրը տղաների համար սնունդ է պատրաստում, իսկ դուստրը ռազմական բուժաշխատող է։ Բոլորս կենտրոնացած ենք հաղթանակի վրա։
34-ամյա Աննա Սեվիկը Կիևի տարածաշրջանային պաշտպանության անդամ է։
«Ես, կյանքումս երկրորդ անգամ, նորից պաշտպանում եմ երկիրը։ Առաջին անգամ 2014-ին էր, երբ միացա Ազովի կամավորական գումարտակին, որը հիմա զինված ուժերի զորամասերից մեկն է, ղեկավարելու մամուլի ծառայությունը։ Բայց այն ժամանակ իմ հիմնական զենքը գրավոր խոսքն էր, ոչ թե Կալաշնիկովի ինքնաձիգը, ինչպես հիմա է։
Փետրվարի 24-ին, երբ Ուկրաինայում սկսվեցին Ռուսաստանի կողմից զանգվածային ռմբակոծությունները… սկզբում թմբիր էր, որոշ ժամանակ պահանջվեց հավաքվելու համար: Երկու տարբերակ կար՝ կամ տանը մնալով զոհվել, կամ փորձել գոյատևել զենքը ձեռքին՝ մեր հողը պաշտպանելով։ Ես ընտրեցի երկրորդը։
Նման է սառը ջրի մեջ նետվելուն․ որոշ ժամանակ ատամներդ սեղմում ես, հետո աստիճանաբար հարմարվում։
Սկզբում ես միացա Կիևի ձախափնյա Դեսնյանսկի շրջանի պաշտպանությանը․ այստեղ հրթիռային հարվածները պակաս հաճախակի էին։ Ես այստեղ եմ մեծացել։ Առաջին պահակետս մի կանգառ էր հեռու տատիկիս տնից, որտեղից նա չէր կարող հեռանալ վատառողջության պատճառով, ու երկու կանգառ՝ կնքամորս տնից։ Զգացմունքները խեղդում էին, բայց ես կարողացա հաղթահարել։ Հետո ինձ տեղափոխեցին Կիևի ձախափնյա հատված, որն ավելի էր ենթակա հրթիռային հարվածների։
Ռազմական գործողությունները նոր չեն ինձ համար. 2015 թվականին ես մեկնեցի [Դոնբասի շրջան] որպես կամավոր և լուսանկարիչ։ Ունեմ երկու զրահաբաճկոն, զինվորական համազգեստ, հատուկ կոշիկներ և պաշտպանիչ սաղավարտ։ Ես գիտեի, թե ինչ եմ ծրագրում և ուր եմ գնում:
Դրանից հետո աշխատել եմ որպես ժողովրդական պատգամավորի մամուլի քարտուղար, ևս մեկ տարի համակարգել եմ Չերկասի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունը։ Իսկ վերջին մեկուկես տարին աշխատել եմ որպես լուսանկարիչ, ինչին պատրաստվում եմ վերադառնալ պատերազմից հետո։
Տարածքային պաշտպանության շարքերում կանայք քիչ են։ Ֆիզիկապես այս աշխատանքը համապատասխան չէ կանանց։ Բանակի պես չէ, որտեղ կան մահճակալներ, ցնցուղներ և այլն։ Քնում ես այնտեղ, որտեղ քնելու տեղ կա։ Եթե կա ինչ-որ թաղիքի կտոր, քնում ես դրա վրա, եթե ոչ, քնում ես առանց դրա: Եթե հաջողվում է հասնել տուն ու ցնցուղ ընդունել, հիանալի է: Ես ժամանակ չեմ ունեցել, դե, ինչ արած:
Այո, սարսափելի է, երբեմն շատ սարսափելի: Բայց ինչ-որ պահի վախը բթանում է, հոգեպես վարժվում ես և պակաս սուր արձագանքում։ Անկեղծ ասած՝ ես ավելի անհանգստացած կլինեի, եթե դադարեի վախենալ:
29-ամյա Վիկտորյա Դվորեցկայան, որն այժմ «Ողջ վերադարձիր» բարեգործական հիմնադրամի վետերանների բաժնի ղեկավարն է, առաջին կինն էր Ուկրաինայում, ով որակավորվեց մարտական պատրաստության համար՝ որպես մեքենայացված դիվիզիայի հրամանատար:
«Զինված ուժերում հրամանատարական դիրքում էի, առաջնագծում, հետո աշխատել եմ գլխավոր շտաբում, բայց հիմա, աշխատելով հիմնադրամում, ավելի օգտակար եմ։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ գնում ենք զինամթերք, գիշերային տեսողության սարքեր, քվադրոկոպտերներ և մեքենաներ։ Դրանց տեղափոխությունը կանայք են իրականացնում, քանի որ տղամարդկանց չի թույլատրվում մեկնել արտերկիր։
Մենք համագործակցում ենք խոշորագույն կամավորական կազմակերպությունների հետ. այնքան առաջարկներ կան, որ ֆիզիկապես ժամանակ չենք ունենում բոլոր հարցումներին արձագանքելու: Աշխատում ենք գրեթե շուրջօրյա։ Մենք հիմա մեծ վստահություն և աջակցություն ունենք բիզնեսի, սփյուռքի ներկայացուցիչների և հասարակ մարդկանց կողմից։ Փետրվարի 24-ին՝ պատերազմի առաջին օրը, մենք երկու անգամ ավելի շատ գումար ենք հավաքել, քան ուկրաինական պատերազմի բոլոր տարիներին՝ 200 մլն ուկրաինական գրիվնա (6,6 մլն ԱՄՆ դոլար)։
«Ես շատ եմ ուզում լինել ճակատում: Սակայն ես կպաշտպանեմ Ուկրաինան՝ աջակցելով ուկրաինացի զինվորականներին»։
Նյութը նախապատրաստվել է «Amplify, Verify, Engage (AVE)» նախագծի շրջանակում, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
This publication was prepared under the "Amplify, Verify, Engage (AVE) Project" implemented with the financial support of the Ministry of Foreign Affairs, Norway.