Առանց տան, առանց ջրի. Շինարարության պատճառով Վանաձորի ավանը մնացել է առանց ջրի
Վանաձորի Քիմշեն կոչվող տնակային ավանի բնակիչները երկու ամիս է` զրկված են խմելու ջրից:
Առանց տան, առանց ջրի. Շինարարության պատճառով Վանաձորի ավանը մնացել է առանց ջրի
Վանաձորի Քիմշեն կոչվող տնակային ավանի բնակիչները երկու ամիս է` զրկված են խմելու ջրից:
Ավանը հիմնվել է նրանց համար, ովքեր 1988 թ. երկրաշարժից հետո մնացել էին անօթևան: Իշխանությունները բնակարանով ապահովելով աղետյալներին՝ տարածքը վաճառելու որոշում կայացրեցին:
Ավանի տարածքի հիմնական մասը Վանաձորի քաղաքապետարանը 2000 թ. աճուրդով վաճառքի է հանել՝ տարածքի նոր սեփականատերերին ժառանգություն թողնելով կիսաքանդ ու մաշված տնակներն իրենց բնակիչներով:
Ավանի վաճառված տարածքներում դեռևս բնակվող ընտանիքներին միայն վերջերս է քաղաքապետարանը խոստացել ապահովել բնակարանով (21,600 քմ-ից 16,800 քն-ը վաճառվել է):
Մարտին Օհանյանը 29 տարեկանից ավանում է ապրում: Արդեն 47-ամյա տղամարդը կնոջ հետ տնակում է մեծացրել միակ որդուն՝ պայքարելով երկսենյականց տնակի՝ կենցաղային անհարմարությունների ու իշխանությունների դեմ:
Օհանյանի ընտանիքը փոքրիկ տնակից գնալու տեղ չունի: Երկու ամիս առաջ, երբ իր ու դրկիցների բնակության տարածքը գնած սեփականատերը ապամոնտաժեց ջրի խողովակը, Օհանյանը հարևան սեփականատիրոջից բացատրություն պահանջեց:
«Ասեց, թե ինձ խանգարում է»,- ասում է Օհանյանը, ով հասկանում է, որ սեփականատիրոջ տարածքն է, ինչ կուզի` կանի, բայց նա և հարևանները գիտեն, որ իրենց նոր հարևան սեփականատերը խողովակն այնպես կարող էր կտրել, որ իրենց ջրից չզրկեր:
Երկամսյա վիճաբանություններն ու բանակցությունները տնակաբնակներին ոչինչ չեն տվել: Նրանք շարունակում են ջուր կրել բակերի ծորակներից այն դեպքում, երբ իրենց տնակներում ջրի ծորակները չոր են:
52-ամյա Կարինե Այվազյանը պատմում է, թե ջրի խնդիրը դեռ ձմռան ամիսներից է սկսվել. «Ամբողջ ձմեռ ջուր ենք կրել: Տնեցիքից մեկն ընկավ` թևը կոտրեց, մյուսը ի վիճակի չէր ջուրը տուն հասցնել»:
Ավանում այժմ բնակվում է 68 ընտանիք, որոնցից 20-ին ջուր մատակարարող խողովակի հատվածն է ապամոնտաժել տարածքի սեփականատերը:
Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանն ասում է, թե իրենք զգուշացրել են սեփականատերերին խողովակներն այնպես ապամոնտաժել, որ չվնասեն բնակիչներին:
Ջրախողովակներն ու կոյուղագծերը տեղադրվել են ոչ թե պետության, այլ բնակիչների ուժերով:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Ալբերտ Ժամհարյանն ասում է, որ տնակներում տեղադրված սանհանգույցներն ու ջրի ծորակները ապօրինի են:
Տնակային ավանի ստեղծման ժամանակ դրսում՝ առանձնացված տեղերում, տեղադրված սանհանգույցի ու խմելու ջրի ծորակների անհարմարությունը բնակիչներին ստիպել է ստեղծել սեփական սանհանգույցն ու խմելու ջրի հարմարությունները:
Պառավյանը վտանգավոր է համարում 20 տարվա վաղեմության, արդեն մաշված կոյուղագծերից ու ջրագծերից ստեղծվող սանիտարական վիճակը:
Թեպետ Հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնի Լոռու մարզային կառույցը համաճարակի որևէ ահազանգ դեռևս չի ստացել, ավանի բնակիչ Օհանյանը սակայն պնդում է, թե առանց ջրի սանհանգույցն օգտագործելը համաճարակի վտանգ կստեղծի:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սարգիս Գինոսյանն ասում է, թե իրենք պարտավորություն չունեն տնակային ավանի բնակիչների նկատմամբ:
«Նրանք մեր բաժանորդները չեն»,- ասում է նա: Ջրմուղի բազայում ավանի բնակիչները գրանցված չեն: Ընկերությունն առաջարկել է բաժանորդ դառնալ, որից հետո այն կպարտավորվի քննարկել ու լուծել ջրամատակարարման հետ կապված խնդիրները (բաժանորդագրությունը անվճար է: Բնակիչները պետք է վճարեն միայն ջրաչափի արժեքը` 11,000 դրամ (36 դոլար):
Բնակիչներին ջուր է մատակարարվել` առանց մատակարար կազմակերպության և սպառողի միջև կարգավորված հարաբերությունների:
Ջրմուղը նրանց համարում է ապօրինի ջրօգտագործող:
«Ինչո՞ւ հիմա դառնամ բաժանորդ»,- ասում է ավանի բնակիչ Այվազյանը: Նրանք մտավախություն ունեն, որ բաժանորդ դառնալով` ջրմուղն իրենց չեղած պարտքեր ներկայացնի: Այվազյանի հարևանները նման խնդրի առջև արդեն կանգնել են:
Տեղական իշխանությունները ավանի խնդիրները լուծելուն ուղղված ծրագիր ունեն: Մինչև տարեվերջ ավանը կազատվի տնակներից: Տնակաբնակներին կտրվեն նոր բնակարաններ:
Երկրաշարժից հետո գյուղերից քաղաք շտապած, նոր կազմավորված, նախկինում վարձով ապրող ու հետագայում տնակային ավանում հաստատված ընտանիքներին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը բազմիցս հայտնել էր, թե պետությունը պարտավորություն չունի այդ ընտանիքների բնակարանային հարցերի լուծման գործում:
Ոչ աղետյալ տնակաբնակների խնդիրների լուծումը սկսվեց անցյալ աշնանը, երբ Վանաձոր այցելեց նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Նա բողոքավոր տնակաբնակներին հայտարարել էր, թե «մինչև ձեզ բնակարանի բանալի չտան, տնակներից դուրս չգաք»: